Մերի Մարգարյանին կեսարյան հատում է արվել, քանի որ հայտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ, հաստատվել էր ՀԵԼԼՓ համախտանիշ, պտղի սրտի զարկերը դանդաղել էին, առկա էր սակավաջրություն: Այս մասին այսօր ` դեկտեմբերի 13-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ծննդկանի մահվան գործով դատական նիստին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանը, որը մասնակցել է վիրահատությանը:
«Ինձ վերակենդանացման բաժանմունք են հրավիրել հուլիսի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մերիի վիճակը գնահատեցինք ծանր, կատարվեցին համապատասխան հետազոտությունները: Էխոյի ժամանակ պտղի սրտի զարկը դանդաղել էր, առկա էր սակավաջրություն: Մենք էլ որոշեցինք կեսարյան հատում անել, կոնսիլիումը նման որոշում կայացրեց: Արդեն վիրահատարանում, երբ դեռ վիրահատությունը չէինք սկսել, ստացանք հետազոտության արդյունքները, որի համաձայն` տրոմբոցիտների նվազում կար եւ լյարդի ֆեգմենտների բարձրացում: Այդ ժամանակ արդեն ՀԵԼԼՓ համախտանիշ հաստատվեց եւ սկսեցինք վիրահատությունը»,- ասաց բժշկուհին:
Ըստ վկայի` տրոմբոցիտների նվազումն ու լյարդի ֆեգմենտների բարձրացումը չէին կարող արյան զեղումից լինել, բացառվում է, դա խոսում է ՀԵԼԼՓ համախտանիշի մասին, ինչի պարագայում պետք է անմիջապես ծննդալուծում անել: Պաշտպանական կողմի հարցին` ինչու է Մերի Մարգարյանը հիվանդանոց ընդունվել ժամը 15:10-ին, իսկ գենեկոլոգները հրավիրվել են ժամը 16:00-ին, Էդիտա Ղարիբյանը նշեց, որ ինքն այդ մասին տեղյակ չէ: Թե ինչու է վիրահատությունն արվել ժամը 17:15-ին, բժշկուհին կրկին հորդորեց իրեն չհարցնել:
Ամբաստանյալ Անի Բաբելյանի փաստաբան Կարեն Սարդարյանը հետաքրքրվեց` ինչու ԿՏ չարվեց, եթե հղին այդ էպիկրիզով էր տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, վկան նշեց, որ կոնկրետ չի կարող պատասխանել այդ հարցին. «Գնահատելով հղիի վիճակը եւ պտղի սրտի զարկի դանդաղումը` որոշեցինք ծննդալուծում կատարել»:
Դատավոր Դավիթ Բալայանն էլ կասկածի տակ դրեց ԲԿ-ում կոնսիլիումին մասնակցած անձանց թիվը: Նշենք, որ հիվանդության պատմագրում գրված է յոթ մասնագետի հետ, մինչդեռ ստորագրել է ընդամենը երեքը: Էդիտա Ղարիբյանը վստահեցրեց, որ մասնակցել են այնտեղ գրված բոլոր մասնագետները:
Դատավորի դիտարկմանը, թե ըստ «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետների ցուցմունքների` ՀԵԼԼՓ-ը ախտորոշվում է միայն հետմահու, վկան չհամաձայնվեց. տարբեր աստիճանի է լինում այս համախտանիշը, օրինակ, տարեկան երկու-երեք նման դեպք է իրենց մոտ գրանցվում, սակայն նման ելքով առաջին անգամ էր լինում իր 19 տարվա աշխատանքային գործունեության ժամանակ:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:





























