Վանաձորի ավագանիում ԲՀԿ խմբակցության անդամները նիստերին կմասնակցեն միայն «Լուսավոր Հայաստան»-ի անդամներից հետո: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Վանաձորի ավագանու նիստի հերթական տապալումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամ Հրանտ Մարգարյանը: Նա վստահեցրեց, սակայն, որ կուսակցությունը մասնակցելու է քաղաքի բնակչության համար իրականացվելիք բոլոր նախաձեռնություններին:

«Մենք կներկայանանք նիստերին նախաձեռնող խմբից՝ «Լուսավոր Հայաստանից» հետո»,-ասել է նա:

Նշենք, որ Վանաձորի ավագանու նիստի ժամին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամները նիստին չէին ներկայացել, սակայն մեկնել էին Ուկրշին տնակային ավան՝ հրդեհից տուժածներին աջակցելու համար:

Թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, Հ. Մարգարյանը դժվարացավ ասել:

«Շատ տհաճ իրավիճակ է ստեղծվել, որի համար երեւի թե պետք է նախօրոք մտածվեր: Իսկ հիմա... ժամանակը ցույց կտա, ինձ թվում է  նախընտրական այս ժամանակահատվածը կանցնի, որից հետո իմ կարծիքով ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Վերջինս վստահեցրեց, որ իրենց բոյկոտն ինքնաննպատակ չէ. այն ընտրողների պահանջն է ու կուսակցության քաղաքական որոշումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի քվեարկել էր ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած ՀՀԿ-ի թեկնածուն ստացել էր 19 ձայն եւ կարողացել էր հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին:

Քաղաքապետը ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում լիարժեք աշխատել այս պաշտոնում, քանի որ ավագանու ոչ իշխանական խմբակցությունների անդամները բոյկոտում են ավագանու նիստը: