Փարիզում Էյֆելյան աշտարակը փակել են զբոսաշրջիկների այցելությունների համար անձնակազմի սկսած գործադուլի պատճառով։ Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Էյֆելյան աշտարակի շահագործման օպերատոր ընկերությունը (SETE), փոխանցում է Lenta–ն։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատակիցների ու ղեկավարության միջեւ հիմա բանակցություններ են ընթանում։ Ընկերությունը ներողություն է խնդրում բոլոր զբոսաշրջիկներից, որոնք մտադիր էին այցելել Էյֆելյան աշտարակ։
Թերթի տվյալներով գործադուլի մասին որոշումը կայացվել է աշխատակիցների ընդհանուր ժողովի ժամանակ։ Պատճառը ցածր աշխատավարձն էր։ SETE-ում ընդամենը մոտ 300 մարդ է աշխատում։
Աշտարակն այցելությունների համար պետք է բացվեր ժամը 09։30-ին։ Կառավարող ընկերության կայքում նշված է, որ տարեկան գրեթե 7 մլն զբոսաշրջիկ է այցելում այդ տեսարժան վայրը։





























