ԵՄ-ն ստեղծված հանգամանքներում չի ծրագրում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցային դոսյեի նոր գլուխներ բացել, ասվում է ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներով ԵՄ-ում նախագահող Սլովակիայի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՄ-ն բազմիցս քննադատել է Թուրքիայի արձագանքը պետհեղաշրջման փորձին, արտահայտելով մտահոգություն խոսքի ազատության խախտումների ու լրագրողների, ակադեմիկոսների, իրավապաշտպանների, նաեւ ընդդիմադիր պատգամավորների կալանավորումների կապակցությամբ։ ԵՄ-ն նաեւ հայտնել է մահապատիժը վերականգնելու անթույլատրելիության մասին։
«Խորհուրդը ողջունում է 33 գլխի բացումը 2016-ի հունիսի 30-ին։ Խորհուրդը նշում է, որ այդ ժամանակվանից հետո նոր գլուխներ չեն բացվել, ստեղծված հանգամանքներում նոր գլուխների բացում չի դիտարկվում»,- ասվում է փաստաթղթում, որը աջակցել են ԵՄ 27 անդամ երկրները։
Ընդ որում բուն բանակցությունների դադարեցման հնարավորության մասին հայտարարութան մեջ ոչինչ չի ասվում։
Նախարարական հանդիպումը սկսելուց առաջ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտնել էր, որ իր երկիրը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների սառեցնելուն ու պատրաստ է արգելափակել ԵՄ Խորհրդի եզրակացություններն այդ հարցի շուրջ, եթե չկարողանա պայմանավորվել գործընկերների հետ։ Նիստից հետո Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտնել է, որ երկրներից մեկի դիրքորոշման պատճառով նախարարներին չի հաջողվել նիստի ժամանակ համաձայնեցնել ԵՄ ընդլայնման գործընթացի շուրջ եզրակացությունները, դրա համար էլ հրապարակվել է նախագահի հայտարարությունը, որն աջակցել են 27 անդամ երկրներ։
Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունները բարդացել են այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը Ստրասբուրգում նոյեմբերի 24-ին լիագումար նստաշրջանի ժամանակ հաստատել է բանաձեւ, որը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները՝ այդ երկրի իշխանությունների գործողությունների համատեքստում։ Դա առաջացրել էր Անկարայի կտրուկ արձագանքը։





























