Ուզբեկստանի նորընտիր նախագահ Շավքաթ Միրզիյոեւի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի (Օլիյ Մաժլիս) վերին (սենատ) եւ ստորին (օրենսդիր) պալատների համատեղ նիստի ընթացքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Միրզիյեեւը սահմանադրության եւ Ղորանի վրա ձեռքը դրած՝ երդվել «հավատարմորեն ծառայել Ուզբեկստանի ժողովրդին, խստորեն հետեւել սահմանադրությանը եւ հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները», ինչպես նաեւ «բարեխղճորեն կատարել Ուզբեկստանի Հանրապետության նախագահի վրա դրված պարտականությունները»:

Երկրի սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ «նախագահը համարվում է պաշտոնը ստանձնած Օլիյ Մաժլիսի նիստում երդվելու պահից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալամովը Միրզիյոեւին է հանձնել Ուզբեկստանի նախագահի վկայականը: