Հարկադիր կատարման ծառայությունում, դեկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2017-ի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները:

ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության մեկնարկին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը Ծառայության ղեկավար կազմին ու կենտրոնական մարմնի բաժինների պետերին է ներկայացրել Ծառայության նորանշանակ մամուլի խոսնակին՝ Արմեն Սարգսյանին, եւ նրան մաղթել հաջողություններ զբաղեցրած պատասխանատու պաշտոնում:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2017 թվականին Ծառայությունում իրականացվելիք հիմնական միջոցառումները, որոնց շուրջ կենտրոնական մարմնի բաժինների պետերը ներկայացրել են զեկույցներ: Գույքային եւ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներին առնչվող խնդիրներից զատ՝ կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել հատկապես այն միջոցառումներին, որոնք առնչվում են քաղաքացիների հետ շփմանը, եւ հանձնարարել է առավել օպերատիվ արձագանքել նրանց դիմումներին: Արմեն Հարությունյանն ընդգծել է գալիք տարում ծրագրվող միջոցառումների իրականացման ուղղությամբ Ծառայության բոլոր աշխատակիցների հետեւողական եւ թիմային աշխատանքի կարեւորությունը. «Յուրաքանչյուրիդ բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ աշխատանքից է առաջին հերթին կախված հասարակության մեջ Ծառայության տեղի եւ դերի բարձրացումն ու ամրապնդումը՝ ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի»: