ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի փոստից տեղեկության արտահոսքը ոչ թե ռուս ցանցահեններն են կազմակերպել, այլ Դեմոկրատական կուսակցության ներքին աղբյուրները։ Այս մասին Daily Mail–ին հայտնել է WikiLeaks կայքի աշխատակից Քրեյգ Մյուրրեյը։
Ժամանակին Ուզբեկստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մյուրրեյը պնդում է, որ սեպտեմբերին մեկնել էր Վաշինգթոն Քլինթոնի շտաբում աղբյուրների հետ գաղտնի հանդիպման եւ անձամբ է այդ աղբյուրից ստացել էլեկտրոնային նամակները, որոնք հետագայում հրապարակվել են։ «Արտահոսքից ոչ մեկը ռուսների կազմակերպածը չի եղել։ Աղբյուրն օրինական հասանելիություն ուներ այդ տեղեկություններին։ Փաստաթղթերը ներքին արտահոսքի, այլ ոչ թե հաքերային հարձակումների հետեւանք էին»,– ասել է Մյուրրեյը։
WikiLeaks–ի աշխատակցի բացատրությունները տարբերվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների տարբերակից, որոնց համաձայն՝ Քլինթոնի շտաբից նամակների արտահոսքի հետեւում Ռուսաստանն է կանգնած։





























