Արցախի Հանրապետության ՀՆԱ-ն 2017 թվականին կանխատեսվում է հասցնել 255 մլրդ դրամի՝ ապահովելով 8% աճ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԼՂ ԱԺ-ում հայտարարել է երկրի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Շնորահակություն հայտնելով պատգամավորներին «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ակտիվ քննարկումների ու ստացված շուրջ յոթ տասնյակ հարց-առաջարկությունների համար՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական ուղղություններն ու ակնկալվող ցուցանիշները: Վարչապետն ընդգծել է, որ 2017թ. համար ՀՆԱ-ի ծավալը կանխատեսվում է հասցնել 255 մլրդ դրամի՝ ապահովելով 8% աճ: Կառավարության ղեկավարը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն եւս կունենա սոցիալական ուղղվածություն:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Պետական բյուջեի մասին օրենքի նախագծին ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովները տվել են դրական եզրակացություններ:

Ժամը 12:00-ին ավարտվել է բյուջեի նախագծի քննարկումը: Համաձայն ԱԺ կանոնակարգի,  պատգամավորները եւ խմբակցությունները նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում կարող են նոր առաջարկություններ ներկայացնել:

Ազգային ժողովի նիստը շարունակվել է 2017թ. պետական բյուջեի նախագծին ուղեկցող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագծի քննարկմամբ:

Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նշված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ եւս տվել է դրական եզրակացություն: Այն քվեարկության կդրվի խորհրդարանի հաջորդ լիագումար նիստում:

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունել է «Հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը:

Խորհրդարանը միաձայն հաստատել է նաեւ Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության  տարեկան ծրագիրը:

Լիագումար նիստի ավարտին պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը եւ Էդուարդ Աղաբեկյանը: