Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մեկնարկել է դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու եւ փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով դատավարությունը:
Լրագրողների հետ զրուցում ամբաստանյալ դատավորի քեռին` Ժորա Սարբազյանը, նշեց, որ Իշխան Բարսեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նրա խոսքով` արդեն երկար ժամանակ որոշ մարդիկ փորձում էին նրա գլխին սարքել եւ կաշառք վերցնելու գործը եւս նրանց խղճին է:
Եթա նա կաշառք վերցնող լիներ` մինչեւ հիմա վարձով չէր ապրի: Սա քաղաքական պատվեր է, թող վերեւներից սկսեն ու բռնեն կաշառք վերցնողներին:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ Կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:






























