Հայաստանում տուգանքների մասին ծանուցումները հնարավոր կլինի ստանալ բջջային հեռախոսներով: Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Համացանցով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:
Օրինագծով առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային փոստով ծանուցումները՝ հաշվի առնելով, որ ավելի մեծ թվով քաղաքացիներ են ID քարտեր եւ էլեկտրոնային փոստի պաշտոնական հասցե ստանում: Դրանից զատ, քաղաքացիներին կառաջարկվի ընտրել ծանուցումը ստանալու իր համար ցանկացած հարմար եղանակ:
«Սա կարող է լինել բջջային հեռախոսը, կամ կրկին սովորական փոստը, սակայն կարելի է հարեւանին կամ ընտանիքի անդամին լիազորել, որ նա ձեր փոխարեն ստանա: Այդպիսով, կարելի է ստանալ պետական ծանուցման բոլոր ձեւերը, այդ թվում՝ տուգանքի եւ գույքի կալանման»,- նշեց Հովհաննիսյանը:





























