Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու եւ փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով դատավարությանը պետք է գար ՀՀ գլխավոր դատախազը եւ որպես երկրորդ մեղադրող քրեական գործում ներգրավեր մեկ այլ դատախազի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ գործում ներգրավված դատախազ Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ չէ:
«Գլխավոր դատախազը պետք է գար դատարան եւ որպես երկրորդ մեղադրող քրեական գործում ներգրավեր Կարեն Բիշարյանին: Հիմա գլխավոր դատախազն իր լիազորությունները մեկ այլ մեղադրողի է հանձնել ընդամենը գրություն ներկայացնելով, որի իրավունքը նա չուներ եւ այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ չէ: Հաջորդ դատական նիստին մենք մեր վերաբերմունքը կհայտնենք դրա վերաբերյալ: Այս վերաբերմունքն արդեն ենթադրում է, որ հնարավոր է բացարկ հայտնենք եւ դատախազին, եւ մեղադրողին»,-ասաց նա:
Վարդուհի Էլբակյանը նշեց, որ քրեական գործով որպես Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններ ներգրավվել է 6 փաստաբան. «Գործը թվում է, թե երկու հատոր է, ծավալուն չէ, բայց այդ գործի յուրաքանչյուր թերթը մեկնաբանության եւ վերլուծության կարիք ունի: Այդ պատճառով է, որ գործում 6 պաշտպան է ներգրավել եւ յուրաքանչյուր պաշտպան իր առաքելությունն ունի: Ես 17 տարվա փաստաբան եմ եւ առաջին անգամ եմ հանդիպում գործի, որ 11 օրվա ընթացքում նման մեղադրանքով նախաքննությունն ավարտվի: Մենք նախաքննության փուլում միջնորդություններ չներկայացրիք, բայց դատավարության ընթացքում կներկայացնենք»: Փաստաբանը նաեւ նշեց, որ ԱԱԾ-ի կողմից տեսանյութի հրապարակման վերաբերյալ բողոքներն են կազմվել, որոնք դատաքննության ընթացքում ներկայացվելու են եւ ուղարկվելու մինչեւ ՄԻԵԴ:
Ինքներդ կտեսնեք, թե ԱԱԾ-ի տարածած տեսանյութն ինչքանով էր մոնտաժված, կիսատ, եւ ինչքանով է համապատասխանում իրականությանը: Ոչ ոք չի բացառում, որ մարդը վերցրել է, բայց ի՞նչ: Կիսատ է ներկայացված՝ նախորդող եւ վերջին խոսակցությունների մասին չէ խոսքը, այլ այն, թե որպես ինչ է վերցրել»,-ասաց նա:
Վարդուհի Էլբակյանը նաեւ նշեց, որ Իշխան Բարսեղյանը չնայած նախաքննության ընթացքում իր մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, բայց իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Նա նաեւ նշեց, որ Իշխան Բարսեղյանի տեսակցությունների վրա սահմանափակում, արգելանք է դրված, որի վերաբերյալ նույնպես միջնորդությամբ են հանդես գալու: Վարդուհի Էլբակյանը նշեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն դատարանին չի ներկայացվելու. «Դա ընդամենը կլինի զուր ժամանակի վատնում: Իշխան Բարսեղյանը 20 տարի եղել է դատավոր, դրա նախորդող ժամանակահատվածում եղել է դատախազության քննիչ, նա այս համակարգում հնաբնակներից է եւ եթե նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց, արդեն իսկ մեծ ակնկալիքներ ունենալը կարծում եմ սին հույսեր կլինի: Ինչի համար են ընտրել խափանման միջոցը, որ անձը հայտնի չէր, թե՞ պետք է նախաքննությանը խոչընդոտեր»,-ասաց նա: Փաստաբանի խոսքով, այն, որ այս գործը քննվում է այն դատարանում, որտեղ իր պաշտպանյալը երկար տարիներ աշխատել է՝ հոգեբանական ճնշում է նրա նկատմամբ: «Սա Իշխան Բարսեղյանի նկատմամբ հոգեբանակն ճնշում է, մարդն այստեղ միշտ աշխատել է, ավելի բարոյական եւ ճիշտ կլիներ, եթե Վճռաբեկ դատարանն այլ վայրում նիստ անցկացներ, կամ այլ դատարանից դատավոր գործուղեին: Նման դեպքեր եղել են մարտի 8-ի գործերով»,-ասաց նա:
Վարդուհի էլբակյանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի. «Հաջորդ դատական նիստին մենք կներկայացնենք փաստաթղթեր, նախաքննության ընթացքում քննիչին ներկայացրել ենք, բայց գործին չէր կցել: Նա 1992թ. շատ ծանր վիրավորում է ստացել եւ բնականաբար, դրա հետեւանքները մինչեւ հիմա կան»:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ Կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:





























