ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզի բնակիչ Ազնիվ Ս.-ն հաղորդմամբ հայտնել է ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես քաղաքացի Ազնիվ Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներն այցելել են իր բնակարան եւ հայտնել, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով որոշում է կայացվել իրեն բերման ենթարկելու մասին, ապա առաջարկել են իրենց ուղեկցությամբ ներկայանալ դատարան: Երբ հրաժարվել է դատարան ներկայանալուց, ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունների սահմանները, բռնություն են կիրառել իր նկատմամբ:

ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: