2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ որոշ տարածքային ցուցակները նոր թեկնածուներ են գլխավորելու: Որոշ տեղեկությունների համաձայն` Քանաքեռ-Զեյթուն համայնքում ռեյտինգային ցուցակը կգլխավորի Միհրան Պողոսյանը, որը դեռեւս ՀՀԿ համագումարի օրը NEWS.am-ի հետ զրույցում չէր հերքել իր պատգամավոր դառնալու հանգամանքը: Նշենք, որ նա մոտ մեկ ամսի առաջ համալրեց ՀՀԿ շարքերը:
Եթե ԴԱՀԿ նախկին պետն առաջադրվի, ապա ընտրապայքարից դուրս կմնա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանը, որն անցած ընտրություններում առաջադրվել էր հենց այս ընտրատարածքից:
NEWS.am-ի հետ զրույցում պատգամավոր Արթուր Ստեփանյանն ասաց, թե դեռ այդ հարցը չի քննարկվել, չի կարող ասել`ինքը կառաջադրվի, թե ոչ:
Նշենք, որ տարածքային ցուցակում կարող է առաջադրվել 5-10 թեկնածու: Եւ չնայած սրան` որոշ ՀՀԿ-ականների համար սկզբունքային է նույն ցուցակում չլինելու ու ընկերոջ դեմ չպայքարելու հարցը: Մինչդեռ կարծիքներ կան, որ շատ քվե ստանալու համար ՀՀԿ-ն տարածքային ցուցակներում կընդգրկի բոլոր նրանց, որոնք ի վիճակի են քվե ապահովել կուսակցության օգտին:





























