ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, որի լիազորությունների ժամկետն այդ պաշտոնում սպառվում է հունվարի 1-ին, ակնարկել է, որ կարող է պայքարել Հարավային Կորեայում նախագահի պաշտոնի համար, հաղորդում է BBC–ն։

Բան Կի Մունի խոսքով հունվարի սկզբին մի քանի օր հանգստանալուց հետո ինքը կվերադառնա հայրենիք՝ Հարավային Կորեա։ Բան Կի Մունը խուսափել է ուղիղ պատասխան տալ նախագահական նկրտումների մասին հարցին, սակայն նշել է, որ մտածում է այն մասին, թե ինչպես օգնի իր երկրին։ Հարավային Կորեայում իրավիճակը նա բնութագրել է որպես «ծայրաստիճան բարդ»։

Դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ էր քվեարկել նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենթին։ Հարավային Կորեայի նախագահը ներգրավված էր մի սկանդալային պատմության մեջ, որից հետո նրա օգնականուհուն ու մտերիմ ընկերուհուն մեղադրանք են առաջադրել կոռուպցիայի ու հանուն սեփական շահի ծառայողական դիրքն օգտագործելու համար։