Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն դեռեւս ուշադրություն չի դարձնի Հաագայի արբիտրաժային դատարանի Ֆիլիպինների օգտին ընդունած որոշմանը, որը Հարավչինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունների հիմքեր չի հայտնաբերել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Չինաստանը եւ տարածաշրջանի մի շարք երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը եւ Ֆիլիպինները Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերի ծովային սահմանների եւ պատասխանատվության գոտիների հետ կապված տարաձայնություններ ունեն: Չինաստանը կարծում է, որ Ֆիլիպինները եւ Վիետնամը ԱՄՆ-ի աջակցությունը գիտակցաբար օգտագործում են տարածաշրջանում լարվածության թեժացման համար:
Հաագայի արբիտրաժային դատարանը հուլիսի 12-ին Ֆիլիպինների հայցով որոշել է, որ Չինաստանը հիմքեր չունի Հարավչինական ծովում տարածքային հավակնությունների համար: Դատարանը որոշել է, որ Սպրատլի արշիպելագի վիճելի տարածքները կղզիներ չեն համարվում եւ չեն կազմավորում բացառիկ տնտեսական գոտի: Չինաստանը արբիտրաժի որոշումը չի ընդունել:





























