2017-ի հունվարի կեսերից Հայաստանի քաղաքական դաշտն աշխուժանալու է։ Այս մասին դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Նրա խոսքով «Քաղաքական կուսակցությունների մասին» նոր օրենքի նպատակն է ազատականացնել Հայաստանում քաղաքական կուսակցությունների ստեղծումը։ «Ժողովուրդն ինքն է որոշում, թե ինչ քաղաքական ուժի հետեւից գնա։ Չի կարելի քաղաքական դաշտը ժամանցի վայր դարձնել»,- նշել է Սուքիաս Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ըստ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր խմբագրության՝ քաղաքական կուսակցությունը ստեղծվում է քաղաքացիների նախաձեռնությամբ համագումար նստաշրջանի ժամանակ, առնվազն 100 մարդ քվորումի դեպքում։ Այնտեղ է ընդունվում նաեւ կուսակցության կանոնադրությունը։ Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր, որոնք ներկայացնում են Երեւանն ու մարզերի առնվազն  1/3-րդը։ Նույն աշխարհագրական բաշխումով էլ կուսակցությունը պետք է տեղերում ստորաբաժանումներ ունենա։