Նախընտրական տարում Հայաստանի նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը պետական գաղտնիք դարձնելը փիառի տեսանկյունից անիմաստ է եւ բավականին ռիսկային: Այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ես չեմ հասկանում փիառի տեսանկյունից, թե ինչու են փակում այս ծախսերը: Միգուցե պատճառն այն է, որ այս Ազգային ժողովում, որտեղ ՀՀԿ-ն գերիշխող մեծամասնություն է, իշխանություններն ուզում են, որ օրինագիծն անցկացնեն, որովհետեւ հույսեր չունեն, որ հաջորդ խորհրդարանը կարող է այսքան փափուկ լինել իշխանությունների օրինագծերի նկատմամբ: Այլ պատճառ ես չեմ գտնում», - ասաց նա:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի համար նույնպես զարմանալի է այս դրույթի ընդունումը: Մանուկյանի դիտարկմամբ` ամբողջ աշխարհն այսօր առավել կարեւորում է թափանցիկությունը, իսկ Հայաստանն ընդհակառակը թափանցիկը դարձնում է գաղտնի:

«Դասական մանիպուլյացիա է, որ ասում են` հաշվի ենք առել այլ երկրների փորձը: Ես ուսումնասիրել եմ, աշխարհի շուրջ 50 երկիր կա, որտեղ փակ գնումների համակարգը կա: Սակայն որպես կանոն` դրանց տակ հասկանում ենք ռազմական ծախսերը, իսկ որ արարողակարգային ծախսերը նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի լինեն պետական գաղտնիք չկա, հնարավոր է` օրինակ Ռուանդայում նման բան լինի»,- ասաց տնտեսագետը:

Ըստ Արտակ Մանուկյանի` 2016թ. նախագահի աշխատակազմի գնումներին հատկացվել է 1,9 մլրդ դրամ, որից 2015թ. մեկ անձի հիմքով շուրջ 204 մլն դրամ է հատկացվել` առանց ներառելու 800 մլն դրամն ինքնաթիռի պահպանության համար, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի համար` 938 մլն դրամ, որից 200 մլն դրամը մեկ անձի հիմքով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանի համար նույնպես անհասկանալի է, թե ինչու են իշխանություններն այս դրույթը մտցրել օրենքի մեջ:

«Պատգամավորները պատրաստվում էին քվեարկել մի օրենքի նախագիծ, որի մասին տեղյակ չէին, միայն պատգամավորներից մեկի հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ արարողակարգային ծախսերը լինելու են պետական գաղտնիք: Սա շատ վտանգավոր միտում ունի: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, ի՞նչ նախադեպ եղավ, սա համատարած ատկատն է, երբ գնումները կատարում են փոխկապակցբած անձանցից: Մենք խոսում ենք կառավարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու մասին, բայց նման դրույթ ենք մտցնում»,- ասաց նա: