Լիցենզիա չունեցող հրագործական ապրանքներն ինչպե՞ս են  հայտնվում առեւտրի կետերում: Նման բովանդակությամբ ՀՀ վարչապետին նամակ է հղել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով հրագործական ապրանքների արտադրությանը եւ առեւտրին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ,

«Լիցենզավորման մասին»   ՀՀ օրենքով հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առեւտուրը, որպես լիցենզավորման ենթական գործունեության տեսակ, սահմանված  է եղել մինչեւ 2015թ. դեկտեմբերի 5-ը: «Լիցենզավորման մասին»   ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին  ՀՀ  2015թ. նոյեմբերի 13-ի ՀՕ-121-Ն օրենքով, որն ուժի  մեջ է մտել 05.12.2015թ., հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առեւտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանվել է աղյուսակից, սակայն  ամենուրեք վաճառվում են այդ պայթուցիկները, որոնք հատկապես  նախաամանորյա այս ընթացքում  չափազանց վտանգավոր են դառնում  ու  բնակիչների բողոքի տեղիք տալիս:

Խնդրում եմ պարզաբանել, թե  եթե վերոնշյալ  ապրանքները   05.12.2015թ.-ից   հանվել   են լիցենզավորման ենթակա ապրանքների աղյուսակից, ինչպե՞ս է, որ առեւտրի կետերում շարունակվում է դրանց վաճառքը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ  դրանց վաճառքը թույլատրվում է   առանց լիցենզավորման:

Շնորհակալություն համագործակցության համար»: