Սպիտակում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երկու մանկահասակ երեխաների սպանության եւ 45-ամյա կնոջ մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմանում, ահազանգ է ստացվել, որ Սպիտակի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կին է ինքնասպան եղել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում՝ շքամուտքում, հայտնաբերվել է 45-ամյա Մ. Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ՝ 5 եւ 7 տարեկան երեխաները՝ մահացած։

Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, եւ նրանց պարանոցների շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մշակվել է քննչական պլան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։