Վանաձորում 27-ամյա Դավիթ Քոչարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ են պարզվել, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00.15-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վանաձորի բնակիչ, 27-ամյա Դ.Քոչարյանը պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է իրենց մոտ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Դավիթ Քոչարյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել:
Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ տուժողը կյանքի համար վտանգավոր վնասվածքն ստացել է Վանաձորի «Ֆուլ հաուս» սրճարանի մոտ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 2 պարկուճ, արնանման հետքեր: Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ Վերջինս եւս Լոռու մարզի բնակիչ է` 36 տարեկան։
Ապացույցների համակցությամբ՝ դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել 36-ամյա տղամարդուն Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Դավիթ Քոչարյանը 8 տարի առաջ 23-ամյա երիտասարդի էր սպանել եւ ազատազրկվել 7 տարով: Տեղեկություններ կան, որ Քոչարյանից վրեժ են լուծել սպանվածի ընկերները:





























