ՀՀ բնապահպանության նախարարի «Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» հրամանի համաձայն` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից  շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցերը մեծ եւ փոքր Սեւանների ջրային տարածքներում` ապօրինի տեղադրված ցանցերի հայտնաբերման եւ առգրավման նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի  եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ  վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սեւանա լճի վրա կատարած շրջայցերի ժամանակ   կազմվել է մեկ արձանագրություն. առգրավվել 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց եւ 30 հատ սիգ տեսակի ձուկ, ինչպես նաեւ  շրջայցեր են իրականացվել  Սեւանա լճի ցամաքային տարածքներում, որի ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն, առգրավվել մեկ ռետինե նավակ եւ երկու պոլիէթիլենային ձկնորսական ցանց: 

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են շուրջօրյա շրջայցերը` անտառխախտման դեպքերի հայտնաբերման նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթվա ընթացքում Դիլիջան քաղաքի բնակչությանն են տրամադրել` քամատապալ, հողմատապալ ծառերի փայտանյութից առաջացած 27 մ³  վառելապայտ:

Ազգային պարկի աշխատակիցների կողմից` շուրջօրյա հերթապահության շրջայցերի ժամանակ հայտնաբերվել է մեկ անտառխախտման դեպք, ապօրինի 8 ծառահատում, կազմվել են անտառխախտման արձանագրություններ եւ ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին եւ Դիլիջանի ոստիկանության բաժին: