Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ միջոցառումների իրականացումը՝ 71-ամյա Ալֆրեդ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 1944 թվականին ծնված Ա.Հովհաննիսյանը 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, իր բնակարանից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1944 թվականին ծնված Երեւան քաղաքի բնակիչ Ալֆրեդ Աբելի Հովհաննիսյանն ունի 163-167 սմ հասակ, միջին կազմվածք, փոքր-ինչ նիհարավուն դեմք: Տղամարդու ձեռքերից մեկի ուսային հատվածում կա այրվածքի 3 սպի, կույր է: Տանից դուրս գալու օրը՝ օգոստոսի 7-ին, նրա հագին եղել է շագանակագույն տաբատ, մուգ մոխրագույն վերնաշապիկ՝ դիմացի հատվածում գունավոր կետանախշերով, շագանակագույն հողաթափեր:

Ովքեր ճանաչում են նշված անձին, տեսել են կամ որեւէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: