Բանակցություններ են ընթանում Լիբանանում հայ խաղաղապահների քանակի մեծացման հարցով։ Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ–մայոր Արթուր Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ԶՈւ խաղաղապահ ուժերի համար դեռեւս ոչ մի նոր ուղղություն չկա։ «Մենք Լիբանանում առաքելության հարցով հանդիպում ենք ունեցել իտալական բանակի գեներալներից մեկի հետ, նա մեզ առաջարկեց քննարկել Լիբանանում հայ խաղաղապահների խումբը մեծացնելու հարցը։ Իտալական կողմն առաջարկում է հայկական խմբի թվակազմը հասցնել 100-ի»,– ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ դա եւս մեկ անգամ վկայում է, թե այլ բանակների հրամանատարությունները որքան գոհ են հայ զինծառայողներից։