Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ընտրել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանելու ժամանակը, վայրն ու ձեւը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ՌԴ դեմ ԱՄՆ Ֆիննախի ընդլայնած պատժամիջոցային ցանկը։

«Մենք բազմիցս ասել ենք ու հիմա կկրկնենք, որ մենք պետք է զգոն լինենք,-ասել է դիվանագետը,-Մենք չգիտենք, թե մեզ համար ինչ հերթական թշնամական գործողությոն կձեռնարկի ԱՄՆ գործող  ղեկավարությունը»։ «Նրանց վարքագծում ոչ մի տրամաբանություն չկա ու մենք դրան մեծ հաշվով սովորել ենք»,- նշել է նա։

«Կընդլայնենք մեր ցուցակները , կտեսնենք, թե ինչպես կարելի է ասիմետրիկ պատասխանել ԱՄՆ-ին,- շեշտել է Ռյաբկովը,- Մենք մեզ իրավունք են վերապահում ընտրել պատասխան գործողությունների վայրը , ժամանակն ու ձեւը, այնպես ինչպես մեզ է ձեռնտու»։

«Չեմ զարմանա, եթե հունվարի 20-ին, այսինքն ԱՄՆ հաջորդ նախագահի երդմնակալության օրը, առավոտյան ժամը 11։59-ին այսինքն Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից մեկ րոպե առաջ նրանք, ովքեր անդադար նման որոշումներ են կայացնում, ինչ-որ տեղ վարագույրի ետեւում նման նոր որոշումներ կայացնեն, որոնք անդունդն են գլորում Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ աղետալի վիճակում են Վաշինգթոնի անողջամիտ ու անիմաստ քաղաքականության հետեւանքով»,- ասել է նա ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Ֆիննախը հայտնել էր, որ ընդլայնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցանկը, ցանկում ավելացվել են յոթ ֆիզիկական անձանց ու մի քանի տասնյակ կազմակերպությունների անուններ, նաեւ ռուսական երկու նավեր։