Բեռլինում նախօրեին ահաբեկչության գործիք դարձած լեհական բեռնատարի վարորդը նախքան սպանվելը սկզբում պայքարել է իր վրա հարձակված ահաբեկչի դեմ։ Այս մասին հայտնում է տրանսպորտային ընկերության սեփականատերը, որին պատկանում է բեռնատարը, փոխանցում է ՏԱՍՍ—ը՝ վկայակոչելով լեհական հեռուստաընկերությանը։

«Պարզ է, որ նա պայքարել է իր կյանքի համար։ Նրա դեմքն ուռած էր եւ արյունոտ»,– ասել է սեփականատեր Արել Ժուրավսկին, որը նման եզրակացություն է արել լուսանկարի հիման վրա, որում Ժուրավսկին ճանաչել էր 37-ամյա բեռնատարի վարորդին, որը իր զարմիկն է՝ Լուկաշ Ուրբանը։

Վարկածը, որ վարորդը պայքարել է ահաբեկչի դեմ, պաշտպանել է նաեւ Ուրբանի գործընկեր Լուկաշ Վոնսիկը։ «Ես չեմ հավատում, որ նա կարող էր բեռնատարը տալ առանց պայքարելու»,– ասել է նա։ Զոհված վարորդն ուներ կին եւ մանկահասակ տղա։

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Լուկաշ Ուրբանին անվանել է ահաբեկչական ակտի առաջին զոհ։ Ահաբեկչին մինչեւ հիմա չի  հաջողվել ձերբակալել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բեռլինում բեռնատարը սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 48–ը։