Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) դեկտեմբերի 20-ին հանդիպեց Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձան «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, մասնավորապես կարեւորվեց Հայաստանի դերը խաղաղապահ գործողություններին մասնակցության համատեքստում: Դեսպան Մկրտչյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը, ակտիվորեն մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելություններին, իր ուրույն ներդրումն է ունենում աշխարհի տարբեր հատվածներում անվտանգություն ապահովման գործում: Էստոնիայի պաշտպանության նախարարն իր հերթին ներկայացրեց խաղաղապահ գործողություններում Էստոնիայի դերակատարությունը:

Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարները՝ կարեւորելով փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունն ու դրանց նշանակությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը Ռիիգիկոգուում /խորհրդարան/ հանդիպեց խորհրդարանականներին՝ ԵՄ հարցերով հանձնաժողովի անդամ Մարիան Միկոյի եւ իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Ռայվո Աեգի գլխավորությամբ:

Դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների մի շարք օրակարգային հարցեր:

Կողմերը ընդգծեցին խորհրդարանական շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունն ու այդ համատեքստում կարեւորեցին բարեկամական խմբերի ձեւաչափի դերակատարությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին: