2016թ. ցուցանիշներով գրանցվել է միգրացիոն գործընթացներում տնային տնտեսությունների ներառվածության որոշակի նվազում, ինչը հաջորդել է նախորդ տարիների ընթացքում տեղի ունեցած զգալի աճին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը։ «Այս տարի միգրացիոն գործընթացներում ներգրավվածություն ունեն տնային տնտեսությունների 31,6%–ը՝ 2015թ. մոտ 34%–ի դիմաց։ Նվազել է նաեւ միգրացիոն գործընթացներում բնակչության ներառվածության մակարդակը։ Այն նվազել է մոտավորապես 8%–ից մի քիչ ավելի։ Եթե 2012–2015 թվականներին 365000 մարդ է մասնակցել միգրացիոն գործընթացներին, ապա վերջին 3 տարվա ընթացքում՝ 2013–2016 այս ցուցանիշը նվազել է 334000 մարդու»,– նշեց Եգանյանը։
Նրա խոսքով՝ սա պայմանավորված է բացառապես աշխատանքային միգրացիոն գործընթացների փոփոխություններով, որն, իր հերթին, հետեւանք է Ռուսաստանի իրավիճակի փոփոխմամբ։ «Հայտնի պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական վիճակի վատացմամբ այնտեղ նվազել են աշխատատեղերը, եւ նվազել է միգրանտների վաստակը, որը էապես պակասեցրել է աշխատանքային միգրացման տնտեսական իմաստը։ Հետեւաբար, բավական բարձր հավանականությամբ կարելի է ենթադրել, որ ապագայում եւս Ռուսաստանի տնտեսական իրողությունների փոփոխություններն են կանխորոշելու մեր աշխատանքային միգրացիոն գործընթացների հետագա ընթացքը»,– ասաց Եգանյանը։
Ժողովրդագարագետը նշեց, որ այս գործընթացներով պայմանավորված՝ պակասել է արտերկրից դրամական մուտքեր ունեցող տնային տնտեսությունների բաժինը եւս. «2015թ. այն մոտ 23% էր, այս տարի ցուցանիշը նվազել է 1%–ով»։ Տնտեսական հետազոտությունների համաձայն՝ պակասել է նաեւ այդ մուտքերի համախառն մեծությունը. «Եթե 2015թ. տնային տնտեսությունների ստացած գումարը կազմել է 240 միլիոնից ավել, ապա 2016թ. այն ընդամենը 201 միլիոն է եղել»։ Ռուբեն Եգանյանը հայտնեց, որ տնային տնտեսությունների մեծ մասը արտերկրից մուտքերը շարունակում է ուղղել առաջին անհրաժեշտության կենսական կարիքների բավարարմանը՝ սննդամթերք, հագուստ,եւ անխուսափելի պարտավորության բնույթ կրող ծախսերին՝ կոմունալ վճարներ։
Սակայն այս ոլորտներին տրամադրվող ծախսերը եւս նվազել են՝ պայմանավորված մուտքերի նվազմամբ։ «Առաջին հոդվածով այս տարի ծախսեր չեն արել մուտքեր ունեցող տնային տնտեսությունների 17%-ը, երկրորդ հոդվածով՝ մոտ 36%-ը»,- ասաց ժողովրդագրագետը։ Նա նաեւ հավելեց, որ արտերկրից մուտքերի հաշվին նվազել են կրթական եւ առողջապահական ոլորտներին ուղղվող ծախսերը. «Մեծացել է այն տնային տնտեսությունների բաժինը, որոնք կրթական եւ առողջապահական խնայողություններ անում են»։




























