ՀՀ վարչական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, բավարարել է հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Նորիկ Նորիկյանից:
Փաստաբանը նշեց, որ դատավարությունը տեւել է շուրջ մեկ տարի եւ ավարտվել ՀՀ զինված ուժերի սպայի խախտված իրավունքների վերականգնմամբ, ըստ որի՝ վերականգնվել է սպայի զինվորական ծառայության չորս ու կես տարվա ստաժը:
Դատավարությունը ռազմավարական էր այն առումով, որ դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո 50-ից ավել սպաներ, հղում կատարելով հիշատակված դատական ակտին, կարող են վերականգնել իրենց զինվորական ծառայության ստաժը:
«Կան զինծառայողներ, որոնց ծառայությունը պետք է 2006թ. հաշվարկվի, բայց հաշվարկվում էր 2010թ.: Վարչական դատարանը Պաշտպանության նախարարությանը պարտավորեցրեց, որպեսզի սպայի ծառայության ժամկետը հաշվարկվի 2006. սեպտեմբերի 1-ից: Էդ սպայի կարգավիճակ ունեցող բազմաթիվ սպաներ կան, որոնք սպասում էին այս ռազմավարական դատավարությանը, որպեսզի հնարավորություն ունենան իրենց զինվորական ծառայությունը վերականգնելու, կամ հաշվարկել տալու 2006թ.»,-ասաց նա:




























