Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ գերատեսչությունը մտադիր է ներողություն պահանջել ամերիկյան New York Daily News թերթից, այն հոդվածի համար, որում Թուրքիայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին համեմատում են Երրորդ ռեյխի դեսպանի հետ, հայտնում է Gazeta–ն։

Զախարովայի խոսքով ամերիկացի լրագրող Գերշ Կունթցմանը New York Daily News–ում գրել է, որ «արցունքներ չի թափում» սպանված դեսպանի համար։ Նրա խոսքով Կունթցմանը Անդրեյ Կարլովի սպանությունը անվանել է «իրականացված արդարադատություն»։

«Նա նաեւ գրել է, որ Անկարայում տեղի ունեցած իրադարձություններն իրեն հիշեցրել են գերմանացի դիվանագետ Էրնսթ ֆոն Ռաթի սպանությունը 1938-ին Փարիզում․ հրեա ուսանողի կողմից սպանված դիվանագետը իհարկե «անմեղ զոհ չի եղել», շատերի աչքերում նա «հիտլերյան դաժանության, ցեղասպանության, հակասեմիտության ու համաշխարհային ագրեսիայի մարմնավորումն էր»,- գրել է Զախարովան։

Ընդ որում Զախարովան հայտնել է, որ ԱԳՆ-ն ներողության պահանջով նամակը ուղարկելու է պարբերականի գլխավոր խմբագրին։

«Ինչ վերաբերում է Անդրեյ Կարլովին Երրորդ ռեյխի դեսպանի հետ համեմատելուն՝ մենք հենց այսօր կուղարկենք նամակ այդ այլատյացական ու ահաբեկչի գործողությունը արդարացնող հոդվածը հրապարակած պարբերականի գլխավոր խմբագրին ու ներողություն կպահանջենք»,- ասել է Զախարովան։