Կոպենհագենի համալսարանի գիտաշխատողները նախազգուշացնում են այն մասին, որ տոնական օրերին սոցցանցերը կարող են փչացնել տրամադրությունը, հայտնում է Informing.-ը։
Նրանք հետազոտություն են իրականացրել 1․3 հազար կամավորների մասնակցությամբ, որն ապացուցել է, որ ուրիշների «իդեալական» ընտանեկան տոների ու արձակուրդների լուսանկարների դիտումը մարդկանց ամենեւին էլ չի երջանկացնում։ Նույնիսկ եթե դրանք մտերիմ ընկերների կամ ազգականների լուսանկարներն են։
Նման լուսանկարները, ըստ մասնագետների, առաջացնում են նախանձի ու ներքին դատարկության զգացողություն։ Դրա համար էլ մարդիկ, որոնք կանոնավոր կերպով զանազան սոցցանցերում ժամանակ են անցկացնում, հաճախ այնքան էլ բավարարված չեն սեփական կյանքով ։ Դա հատկապես սուր է զգացվում նրանց մոտ, ովքեր չեն մասնակցում լուսանկարների մեկնաբանություններին, նաեւ նրանց մոտ, ովքեր զուրկ են ընկերների հետ իրական շփումից։
Գիտնականների խոսքով, այդ լուսանկարներից շատերը ընդամենը բեմադրված նկար է, որը հրապարակման հեղինակը լրացնում է իր «երջանիկ» պահի մասին զգացմունքային հաղորդագրությամբ։ Իսկ նման տասնյակ «երջանիկ» լուսանկարների դիտումը պարզապես հոգեպես ճնշում է մարդուն, մանավանդ եթե նրա կյանքում այդ պահին դժվար ժամանակներ են։
Հոգեբանները առհասարակ խորհուրդ են տալիս տոն օրերին հրաժարվել սոցցանցեր մտնելուց։ Սոցցանցերից նման «արձակուրդը» դրական կազդի տրամադրության վրա, վստահեցնում են նրանք։





























