Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կարծես տեղյակ չէ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հրապարակած վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն, Հայաստանում սոցիալական վատ պայմանների պատճառով ուսումը կիսատ թողած երեխաների աճ է նկատվում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը նախ հայտարարեց, որ չպետք է թույլ տալ, որ երեխաները զրկվեն կրթություն ստանալու իրավունքից, ապա հորդորեց կոնկրետ տվյալներ տալ, որ կարողանան օգնել:
«Իսկապես շոր չունենալու պատճառով կամ այլ պատճառով որեւէ երեխա չպետք է զրկվի դպրոց գնալուց, որովհետեւ կրթությունը պարտադիր է»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Փաստորեն, Կրթության եւ գիտության նախարարությունն ամեն տարի վիճակագրական տվյալներ է հրապարակում, մինչդեռ այդ աշակերտների խնդիրներին լուծում չի տալիս: Նշենք, որ ըստ Կրթության եւ գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հրապարակած վիճակագրական տվյալների՝ 2014-2015թթ. ուսումնական տարում սոցիալական վատ պայմանների պատճառով դպրոցից հեռացել է 191 աշակերտ, որից 67-ը՝ աղջիկ, իսկ 87 աշակերտի ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը: 2013-2014 ուսումնական տարվա պաշտոնական տվյալների համաձայն, աշակերտներից 143-ն ուսումը կիսատ է թողել սոցիալական վատ պայմանների պատճառով, 59-ին՝ ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը:





























