Դատախազի որոշմամբ՝ 2015-ի օգոստոսի 17-ին օձի խայթոցի հետեւանքով «Էրեբունի» բժշական կենտրոնում մահացած Արարատի մարզի Սուրենավան գյուղի 54-ամյա բնակիչ Կարինե Հարությունյանի գործն ուղարկվել է նախաքննության:

Այս առնչությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Դեռեւս 2015 թ. օգոստոսի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել մահացածի որդին՝ Գագիկ Թադեւոսյանը, եւ հայտնել, որ Կարինե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մղդեսյանի 2015թ. օգոստոսի 30-ի որոշմամբ մերժվել է:

Կազմակերպության աջակցությամբ քննիչի վերոնշյալ որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով 2015 թ. նոյեմբերի 29-ին հարուցված քրեական գործը, սակայն, ամիսներ անց կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դիրքորոշում հայտնելով, որ քրեական գործը կարճելու մասին որոշումը անհիմն է, կայացվել է դատավարական նորմերի խախտմամբ, եւ կատարվել է թերի քննություն՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը Դատախազություն ներկայացված իր բողոքով պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու եւ «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի բժիշկ Մհեր Համբարչյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Բողոքով հիմնավորումներ են ներկայացվել նաեւ այն մասին, որ չնայած քրեական գործի շրջանակում տուժող կողմի միջնորդությունը բավարարելուն՝ միջնորդությամբ փորձագետին առաջադրված հարցերը անպատասխան են մնացել, իսկ տուժող կողմի մասնակցությունը փորձաքննությանը, առանց իրավական հիմնավորման, չի ապահովվել: Դա այն դեպքում, երբ փորձաքննությանը տուժող կողմի մասկացությունը, այն էլ նրա կողմից ներկայացված միջնորդության բավարարման դեպքում, տուժողի դատավարական իրավունքն է, եւ փորձագետը տվյալ դեպքում որեւէ իրավական հիմք չունի չապահովելու տուժող կողմի մասնակցությունը փորձաքննությանը:

Բացի դրանից՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին՝ դրանում նշված չեն կատարված հետազոտությունների տեսակները, մեթոդները, օգտագործված գրականության ցանկը:

ՀՀ Դատախազության Երեւան քաղաքի դատախազի 2016 թ. դեկտեմբերի 6-ի որոշմամբ տուժող կողմի բողոքը բավարարվել է: