Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին:
Նախագահի խոսքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ լրագրողների ընդունելության ժամանակ.
«Սիրելի՛ բարեկամներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ տարեվերջի մեր այս հանդիպման առիթով: Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու եւ գալիք Ամանորը շնորհավորելու հնարավորության համար:
Առաջին հերթին ցանկանում եմ անդրադառնալ անցնող 2016թ.: Տարին արդեն իսկ խորհրդանշական էր, քանի որ մենք պետք է տոնեինք մեր անկախ պետականության 25-ամյակը:
Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մեր երկիրը դրական կերպով առանձնանում է շատ շատերից՝ ապահովելով խոսքի եւ մամուլի ազատությունը: Անգամ պատերազմի ամենաթեժ պահերին Հայաստանի Հանրապետությունում ռազմական գրաքննություն չի եղել: Պատերազմական դրությունը մշտապես կարող է ոմանց համար նման գայթակղությանը տրվելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Հայաստանում կա ազգային համաձայնություն առ այն, որ խոսքի ազատության սահմանափակումներն անընդունելի են: Սա մեր կարեւորագույն ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկն է, որը մենք բոլորս միասին պետք է պաշտպանենք ու փայփայենք:
Երանի թե տարին առանձնանար միայն այդ գեղեցիկ հոբելյանով: Սակայն հայտնի է, որ այս տարի մենք դիմագրավեցինք բոլորի համար տեսանելի երկու մարտահրավերի. մեկը՝ արտաքին, մյուսը՝ ներքին:
Առաջինը, իհարկե, ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Մեզ պարտադրված կռվում հայ ժողովրդի հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս: Նրանց ատամների կրճտոցը պարբերաբար մենք լսում էինք, իսկ այս տարի այն վերածվեց ռեւանշի փորձի: Հայ ժողովրդի հերոս զավակները կանխեցին հակառակորդի նենգ ծրագրերը:
Այստեղ չեմ կարող դրվատանքով չանդրադառնալ հայ ժողովրդի միասնական եւ համախմբված ոգուն, որը նշանակալիորեն դրսեւորվեց այդ օրերին ձեր աշխատանքում: Չնայած հնարավոր գաղափարական կամ այլ տարաձայնություններին՝ այդ օրերին մեր ժողովուրդը դարձավ մեկ միասնական բռունցք:
Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, եւ այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի Արցախի բնակիչներն իրենք որոշեն իրենց ապագան, իրենց վերջնական կարգավիճակը:
Շնորհակալ եմ այդ օրերին ձեր աշխատանքի համար, շնորհակալ եմ ձեր համերաշխության համար:
Մյուս՝ արդեն ներքին մարտահրավերը ծավալվեց այս տարվա հուլիսին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում գործած հանցախմբի եւ պատանդներ վերցրած այդ խմբի գործողությունների հետեւանքով: Այս իրադարձությունների հետ կապված իմ հստակ գնահատականն արդեն հնչել է, ընդ որում, գոնե ես դրանում համոզված եմ,չեմ խուսափել որեւէ սուր անկյունից: Նաեւ հնչել է լրագրողների աշխատանքի եւ լրագրողների հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ իմ հստակ գնահատականը: Թեեւ ոմանք փորձում են այդ գնահատականի մեջ ինչ-ինչ բաներ գտնել եւ ասել, թե Նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել:
Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու, եւ սա մի դրույթ է, որի շուրջ եւս մենք պետք է հասնենք ազգային համաձայնության: Հաճախ հենց խոսքն է ճանապարհ հարթում բռնության համար, ուստի եւ պետք է լինենք ազատ ու շիտակ, բայց նաեւ զուսպ՝ մեր խոսքում:
Իհարկե, ինձ պարբերաբար տեղեկացնում են, որ հայկական լրատվամիջոցներն ինքնակարգավորման գործուն ձեւեր են փնտրում այս հարցին անդրադառնալու համար: Վիրավորանքը, պիտակավորումը, կեղծիքն ուղղակի անթույլատրելի գործիքներ են:
Այսօր մենք տեսնում ենք, որ կեղծ լուրերը մարտահրավեր են դարձել անգամ ամենազարգացած ժողովորդավարական հասարակությունների համար: Մեր ժամանակների արդեն իսկ բազմաբնույթ եւ ապակենտրոնացված լրատվական դաշտը վերահսկելն ուղղակի անհնարին է:
Ես երբեք չեմ ակնկալում լրատվական դաշտի վերահսկողություն: Ակնկալում եմ ազատ, անկախ եւ պատասխանատու աշխատանք:
Ակնկալում եմ, որ դուք էլ նույնպիսի պատվախնդրությամբ կմոտենաք այդ ընթացքում ձեր առաքելությանը: Ակնկալում եմ, որ կլինեք ոչ միայն ազատ եւ անկախ, այլեւ, ինչպես մշտապես խոսում ենք, իսկապես անաչառ եւ արդար՝ խուսափելով նախընտրական պայքարի գործիք դառնալուց:
Սիրելի՛ բարեկամներ,
Հրաժեշտ տալով անցնող 2016 թվականին՝ շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, եւ երջանկություն, ձեր ընտանիքներին ու հարազատներին՝ արեւշատություն եւ խաղաղություն: Ձեր աշխատանքային գործունեության մեջ մաղթում եմ նոր ստեղծագործական խիզախումներ, եւ որ ամենակարեւորն է, մաղթում եմ ձեզ, որ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարեւոր պայմաններից մեկն է:
Շնորհակալություն»:



































