ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21:45-ին եւ 22:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ բուժօգնության են դիմել Հ.Հովսեփյանը՝ ձախ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, եւ Ս.Կուդրյաշովը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, ձախ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամաբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 117-րդ հոդվածով: Հ.Հովսեփյանը եւ Ս.Կուդրյաշովը ճանաչվել են տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները նշված մարմնական վնասվածքներն ստացել են 2016թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող ավտոտնկաների մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, փաստական տվյալներ ձեռք բերվել առերեւույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:





























