Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր հայտարարության մեջ հնչեցրել է միայն քաղաքականություն մտնելու մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով   այն մեկնաբանություններին, որ Օհանյանը հանգրվանելու է ընդդիմադիր ճակատում:

«Ես հարգում եմ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի  անցած ճանապարհը պետականաշինության, բանակաշինության հետ կապված: Երկրորդը` Սեյրան Օհանյանը իր հայտարարության մեջ հնչեցրել է ընդամենը, որ ինքը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ: Թե ինչ տեղ է ինքն իրեն տեսնում կամ ինչ տեղ իրեն կհատկացնի ժողովուրդը իր քվեով, դա կտեսնենք ապագայում: Դալլաքյանը թե ինչ է ասում Սեյրան Օհանյանի մասին, Սեյրան Օհանյանի հայտարարության տեքստում այդ մասին որեւէ խոսք չկա»,-ասել է Մելիքյանը:

Իշխանական պատգամավորն ասել է, որ քաղաքականության մեջ ամեն ինչի էլ հավատում է, եւ բացառություն չէ Սեյրան Օհանյանը, սակայն վերջինիս քաղաքական դիրքորոշման հետ կապված առայժմ հստակ բան չի կարող ասել, քանի որ նրա հայտարարության մեջ այդ մասին որեւէ տող չկա:

«Երբ որ Սեյրան Օհանյանը կհայտարարի այդ մասին, դրանից հետո կխոսենք: Նրա հայտարարության մեջ ընդամենը ցանկություն եմ տեսել քաղաքականությամբ զբաղվելու»:

Ամեն դեպքում, Սեյրան Օհանյանը, ըստ լուրերի,  պատրաստվում է առաջնորդել ընդլայնված դաշինք: Հարցին` արդյոք այս նոր միավորումները սպառնալիք չեն իշխանության համար առաջիկա ընտրություններում ընտրազանգվածի կորստի առումով, Մելիքյանը պատասխանեց. «Որեւէ սպառնալիք, որեւէ վտանգ մեր ընտրազանգվածին չենք տեսնում, յուրաքանչյուրն իր ընտրազանգվածը կունենա: Յուրաքանչյուրին քաղաքացին իր ձայնը կտա, որքանով դա կհամարի ընդունելի»: