Ռումբը, որի պատճառով ստիպված էին Ծննդյան տոնին տարհանել Աուգսբուրգի 54 հազար բնակիչների, դեկտեմբերի 25-ին հաջողությամբ վնասազերծվել է: Այս մասին հայտնում է DW-ն:
Տարհանումն սկսվել է առավոտյան եւ ավարտվել է կեսօրից անց: Քաղաքային իշխանությունները տարհանվողների համար ապաստարաններ էին ստեղծել դպրոցներում եւ մարզադահլիճներում: Սակայն ժամանակավոր ապաստարանի ծառայությունից օգտվել է մոտ հազար քաղաքացի, մյուսները ապաստանել են ընկերների եւ հարազատների մոտ:
Աուգսբուրգում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբը հայտնաբերվել է դեկտեմբերի 20-ին: Այն վնասազերծելու համար հատուկ հանգստյան օրն է ընտրվել, երբ փողոցները դատարկ են, եւ տարհանումը զգալիորեն ավելի հեշտ է իրականացնել: Քաղաքի պատմական կենտրոնի շրջաններից տարհանումը կատարվել է գտածոյի վայրից 1,5 կմ շառավղով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր սա Գերմանիայում խոշորագույն տարհանում էր: Նախկինում ամենախոշորը համարվում էր 2011 թվականին Կոբլենցում հայտնաբերված ավիառումբի պատճառով տարհանումը, երբ ստիպված էին իրենց տները լքել 45 հազար բնակիչներ:



























