26-ամյա ծննդկանի ու նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 26-ամյա Մարինե  Իվանյանի  մահը:

Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել է հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ հաջորդ օրը ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նշենք, որ ավելի վաղ ԲԿ-ից մեզ հայտնել էին, որ կինը մահացել է արյունահոսության հետեւանքով: