Համաձայն  ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի եւ ժամանակացույցի»՝ դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ եւ միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննական թեստերը ժամանակին տրամադրվել են դպրոցներին՝ քննությունների կազմակերպման նպատակով: «Հայոց լեզու եւ գրականություն»  առարկայի քննություն հանձնելու համար նախապես հայտ է ներկայացրել հանրակրթական ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանի 3893  աշակերտ: Ըստ քննական ժամանակացույցի՝  «Մաթեմատիկա» /գրավոր/ ավարտական քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին,

«Հայոց պատմություն» /գրավոր/ քննությունը՝ դեկտեմբերի 29-ին: Հիշյալ առարկաներից քննություն հանձնելու նպատակով հայտ են ներկայացրել համապատասխանաբար 5904 եւ 8556 աշակերտներ:

Այն աշակերտները, ովքեր չեն հայտագրվել եւ այս փուլում քննություններ չեն հանձնել,  համաձայն «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի եւ ժամանակացույցի»՝ հունիսին հնարավություն կունենան  նշված առարկաներից հանձնել միասնական կամ ավարտական քննություն՝ ըստ իրենց նախապես լրացված հայտի: