Սեյրան Օհանյանը առայժմ ֆեյսբուքյան գրառումներով է քաղաքականություն դուրս գալիս, երբ ուղիղ խոսի, այն ժամանակ կարելի է  պատասխանել տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներին:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Սեյրան Օհանյանի երեկվա հայտարարությանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանը երեկ արձագանքել է ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղյան հակամարտության լուծման ծրագրին:

Պաշտպանության նախկին նախարարը անդրադարձել է նաեւ տնտեսական վիճակին`ասելով հետեւյալը.  «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության եւ արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»։

Շարմազանովն այս առթիվ նաեւ նշել է. «Շատ հարգում եմ ինֆորմացիոն բոլոր միջոցները, բայց նախընտրել եմ մշտապես ուղիղ կամ բանավեճի միջոցով, կամ լրագրողի միջոցով հայտնել ասելիքը: Երբ Օհանյանը ուղիղ կխոսի, հարցեր կլինեն եւ ես այդ դեպքում  կկարողանամ պատասխանել իր ասածներին: Երկրի տնտեսական իրավիճակի հետ կապված իր դիրքորոշումն արտահայտել է ՀՀ նախագահը կուսակցության համագումարում: Անկախ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Պողոս Պողոսյան դիրքորոշումներից բացի մենք ունենք մեր դիրքորոշումը, առայժմ ծրագրային հստակ տեսլական դիրքորոշում այս կամ այն  հարցի շուրջ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից չեմ տեսել: Երբ լինի, այդ ժամանակ  կարող եմ հստակ որեւէ բան ասել ասել: Բոլորն էլ ասում են ` պետք է լավանա: Թող բացեն նայեն ամենախիստ գնահատականը նախագահն է տվել: Բոլորս էլ կարող ենք ասել` պետք է, երբ որ իր նախընտրական ծրագիրը կներկայացնի ու կտեսնենք` ինչ թիմով է գալիս,  ինչ է առաջարկում, այդ ժամանակ կասենք»,-ասել է Շարմազանովը:

Հարցին` արդյոք  Սեյրան Օհանյանի` «իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն» ձեւակերպումը չի նշանակում, որ նա կասկածի տակ է դնում մինչ այդ ձեւավորված իշխանության լեգիտիմությունը, Շարմազանովը պատասխանել է.  «Երբ որ Օհանյանը կասի` կոնկրետ կասկածի տակ է դնում լեգիտիմությունը, ես կոնկրետ իրեն կպատասխանեմ: Նման մի փորձ արել է Վարդան Օսկանյանը խորհրդարանի  դահլիճում եւ ստացել խիստ պատասխան: Երբ որ ինքը ասեց` 20 տարի մեր երկրում ընտրությունները կեղծվել են, ես արտահերթ ելույթով ասեցի` 20 տարվա առնվազն 16 տարին եղել եք բարձրաստիճան պաշտոնյա, տասը տարի արտգործնախարար, կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը Ձեզ ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ոչ լեգիտիմ նախարար է նշանակել: 20 տարվա ընթացքում չեմ լսել, որ երեբեւէ կասկածի տակ առնեիք 1998, 2003, 2008 ընտրությունները»: