Ամանորին հրավառության պատճառով հրդեհի դեպքերը Հայաստանում քիչ են, բայց պետք է շարունակել քայլեր ձեռնարկել ծանր հետեւանքներով դեպքերից խուսափելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԱԻՆ-ը նոր տարվա նախաշեմին լրատվամիջոցներով, կայքերով, մարզերում տարված աշխատանքների միջոցով քաղաքացիներին իրազեկում է հրավառությունների անվտանգության կանոնների մասին, ինչի արդյունքում Հայաստանում շատ չեն հրդեհային իրավիճակները։

«Մեզ մոտ հրավառության հետեւանքով հրդեհային իրավիճակների 7 դեպք է գրանցվել 2015թ․, 2014թ․ 6 դեպք է եղել, իսկ այս տարի գրանցվել է հրդեհի 4 դեպք։ Ընդ որում՝ այս դեպքերը լուրջ մարդկային վնասներ չեն պատճառել»,- նշեց նա։

Սերգեյ Հայրապետյանը խորհուրդ տվեց ամանորյա հրավառություն եւ լույսեր գնել մասնագիտացված խանութներից, որտեղ վաճառվող ապրանքի վրա նշված կլինեն անվտանգության եւ կիրառման կանոնները։

«Հիմա խանութներում, փողոցներում ազատ վաճառում են կասկածելի հրավառություններ, բայց ավելի լավ է մի քիչ ավելի ծախսել եւ ձեռք բերել արտոնագիր ունեցող ապրանք, որի վրա պարտադիր հայերեն մատնշմամբ պետք է նշված լինի անվտանգության կանոնները՝ պահպանման ժամկետը, թույլատրելի հեռավորությունը, խոտանման դեպքում անհրաժեշտ քայլերը։ Այս կանոնները պետք է խիստ պահպանել, որոհետեւ եթե արտոնագրված լինի, բայց սխալ օգտագործվի, էլի վտանգավոր է»,- ասաց Հայրապետյանը։

Նա զգուշացրեց, որ հրավառությունների գործարկման կարեւորագույն կանոնը այն ճիշտ վայրում կիրառելն է․ այն չի կարելի գործարկել շինություններում եւ փակ տարածքներում։

«Շենքերում, շինություններում չի կարելի օգտագործել հրավառություն՝ բացառությամբ տորթերի համար նախատեսված հրավարությունների եւ բենգալյան կրակների։ Հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներում զոհվել են միայն շինություններում հրավառություն օգտագործելու պատճառով»,- զգուշացրեց Սերգեյ Հայրապետյանը։