2016 թվականին Հայաստանը լքել է 60 հազար քաղաքացի, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցնաիշը, ավելացել է արտաքին պարտքը180 միլիոն դոլարով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ամփոփելով 2016 թվականը:

«Շուրջ 60 հազար մարդ լքել է Հայաստանը: Սա 2016-ի  մեծագույն կորուստն էր: Տարվա ցավալի էջերից էր ապրիլի 2-ն իր դառը դասերով, որից, ցավոք, իշխանությունները ոչինչ չսովորեցին: Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումը անզոր մարդու ճիչն էր, դժգոհության ալիքն էր,  թեեւ խոհեմ քայլ չէր, բայց բոլոր դեպքերում ժողովրդի բողոքի ալիքն էր: Նոր կառավարություն ձեւավորվեց, որը սկզբից հույսեր բերեց , բայց շատ արագ հուսախաբ արեց: Այդ նույն կառավարությունը բյուջե ներկայացրեց, որը հուսադրող չէր եւ վերջին 25 տարվա մեջ վատագույնն էր, ոչ թոշակի, ոչ աշխատավարձի ավելացում չեղավ»,-թվարկեց ընդդիմադիր պատգամավորը:

Արամ Մանուկյանի խոսքով` տնտեսական առումով էլ  նահանջ տարի էր. «Ռեֆորմատոր կառավարությունը 180 միլիոն դոլարով  ավելացրեց մեր պարտքը,  այսինքն` կես տարվա ընթացքում ՀՀ պարտքը ավելացավ 800 միլիոն դոլարով: Մեկ տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքը մեկ շնչի չափով 1800 դոլարից դարձավ 2100 դոլար»,-ասաց նա:

Որպես դրական քայլ Արամ Մանուկյանն առանձնացրեց նոր  Ընտրական օրենգիրքը, որը խորհրդարանական, արտախորհրդարանական եւ քաղաքացիական ուժերի պայքարի արդյունքում ընդունվեց որոշակի հուսադրող դրույթներով: «Ցուցակների հրապարակումը, տեսախցիկների տեղադրումը հուսադրող քայլեր են, որ կարող ենք մի փոքր հույս ունենալ` առաջիկա ընտրությունները կլինեն մի փոքր դրական»:

Ըստ պատգամավորի` տարվա շրջադարձային միջոցառումը ՀԱԿ համագումարում  ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԼՂՀ կարգավորմանը նվիրված ելույթն էր: