Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծում է, որ ՕԵԿ-ն իր ստեղծած կուսակցական մեխանիզմով ավելի մտահոգող է որպես մրցակից, քան, օրինակ Վիկտոր Դալլաքյանի, պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանի,  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հավանական դաշինքը:

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ  ընտրապայքարում վտանգավոր մրցակիցներ են լուռ ու մունջ աշխատող, տարածքային ամուր կառույցներ ստեղծող կուսակցությունները, իսկ նոր դաշինքները, որոնց մեջ եթե նույնիսկ լինեն հեղինակություններ, մտահոգության տեղիք չեն տալիս, քանի որ նրանք չունեն կուսակցական ամուր հենարան` տեղական կառույցներ, որոնք ընտրություններում նշանակալի դեր ունեն: Այն ստեղծելու համար արդեն ուշ է, ընտրությունները մոտ են: 

«Կա երկու հանգամանք քաղաքականության մեջ` ունենալ իմիջ, հանրության համար լինել ընկալելի եւ երկրորդը` այդ իմիջը, որ ընկալվում է հանրության մեջ, վերածել քվեի: Այս պրոցեսը անցնելու համար անհրաժեշտություն  կա բոլոր ընտրատարածքներում, համայնքներում ունենալ ներկայացվածություն, ունենալ տարածքային կառույցներ:  Ամենահրաշք անհատը չի կարող ասել` ես իշխանություն եմ փոխում, ու ժողովուրդը քվե տա: Ընտրություններում քվե ստանալու համար նախ պետք է աշխատել այդ մեխանիզմով` ունենալ տարածքային կառույցներ, աշխատել այդ համայնքներում, ընտրությունների համար ստեղծել էական մեխանիզմներ, որի համար ժամանակ է հարկավոր»:

Ինչ վերաբերում է նոր դաշինքների ու միավորումներին` Նիկոյանն ասաց` դեռ վաղ է նրանց համարել վերջնական ձեւավորված կառույցներ ու ըստ այդմ գնահատական տալ` ինչպիսի մրցապայքար է սպասվում:

«Այդ դաշինքները մինչեւ ընտրություններ կարող են վերանայվել, օրինակ վերամիավորվել, նորից միավորվել, ավելի խոշորանալ: Ասել` որպես նախընտրական միավորումներ, դեռ վաղ է: Կանխատեսելի ուժեր նախընտրական ժամանակահատվածում չկան, բոլորը բոլորի մրցակիցն են,այսօր մենք ՀՅԴ-ի հետ դաշինքի մեջ ենք, բայց  վաղը նախընտրական ժամանակահատվածում դառնալու ենք մրցակիցներ: Մրցակից ենք լինելու բոլոր նրանց, որոնք առաջադրվել են»:

Իշխանության ներկայացուցիչն, ամեն դեպքում, շեշտեց, որ դաշինքները հենվելու են ընդդիմադիր ընտրազանգվածի վրա: