Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների եւ թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, եւ մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:
«Սիրելի՛ երեխաներ,
Ես եւ տիկին Ռիտան սրտանց շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ցանկանում ենք, որ եկող 2017 թվականը լինի ամենալավ տարին ձեր անցկացրած բոլոր տարիներից: Ցանկանում ենք, որ նոր տարում դուք միշտ ուրախ, երջանիկ, առողջ լինեք, ուզում եմ, որ նոր տարում դուք հաջողություններ ունենաք ուսման բնագավառում: Եվ եթե դուք ամեն օր դաս սովորեք, սիրելի՛ երեխաներ, ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հետո էլ գալու են այս շենք՝ այստեղ, ոչ միայն Նոր տարվա տոնածառի կապակցությամբ, այլ նաեւ մրցանակներ ստանալու «Կենգուրու», «Մեղու» եւ այլ մրցույթներում հաղթելու համար:
Սիրելի՛ երեխաներ, մի խնդրանք ունեմ ձեզ. ուզում եմ, որպեսզի հունվարի 1-ին՝ առավոտյան կանուխ, երբ արթնանաք, մոտենաք ձեր ծնողներին եւ իմ անունից շնորհակալություն հայտնեք նրանց՝ ձեզ լավ քաղաքացի դաստիարակելու համար, շնորհավորեք նրանց Նոր տարվա կապակցությամբ եւ խոստանաք, որ դուք շատ լավ եք սովորելու, որովհետեւ լավ սովորելը երեխաների համար ամենից կարեւոր, ամենից լավ բանն է: Պիտի եւ՛ լավ սովորեք, եւ՛ լավ աշխատեք, եւ՛ ձեր ուսուցիչների ու ծնողների ասածները շատ լավ կատարեք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

































