Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ:

Կարեւորելով համագործակցության շարունակականությունը՝ Վիգեն Սարգսյանը մեկ անգամ եւս հայտնել է խնդիրներն ու իրավական դաշտում հնարավոր բացթողումները միասնաբար քննարկելու, փոխգործակցությունը միանգամայն նոր, առավել բարձր հիմքերի վրա դնելու իր պատրաստակամությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ մարտական գործողությունների մասնակիցների սխրանքներն ու հայրենանվեր գործունեությունը հասարակությանը առավել հանգամանալից եւ պարբերաբար ներկայացնելու, մատաղ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու եւ դաստիարակելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարված կոնկրետ քայլերին։

Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն ու երջանկություն եւ համոզմունք հայտնել, որ 2017 թվականը կլինի նորանոր հաջողությունների եւ համաժողովրդական ձեռքբերումների տարի: