Լեհաստանը իր երկրում գտնվող ՖԵՏՈ կազմակերպության («Ֆեթուլիստների ահաբեկչական կազմակերպություն») ենթադրյալ անդամներին Թուրքիային հանձնելու մտադրություն չունի: Այս մասին հայտնել է լեհական Zet ռադիոկայանը՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներին:
Թուրքիայի իշխանությունները դիմել էին Լեհաստանի ԱԳՆ-ին՝ խնդրելով հանձնել մի քանի թուրք քաղաքացիների, որոնք այն մարդկանց ցուցակում են, ովքեր իբր կապ ունեն ՖԵՏՈ-ի հետ: Ռադիոկայանը նշել է, որ բանը հասել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչների վրա ոչ պաշտոնական ճնշում գործադրելուն:
Լեհաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Յարոսլավ Գովինը հաստատել է, որ «Լեհաստանում են գտնվում Թուրքիայի քաղաքացիներ, որոնց Թուրքիայի իշխանությունները ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեղադրանքներ են առաջադրում»: «Եթե այդ մարդիկ հետեւում են Լեհաստանի նորմերին, Եվրամիության օրենքներին, ապա նրանց Լեհաստանում ոչ մի բան չի սպառնում»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ Լեհաստանում գիտեն ինչ է նշանակում մարդու իրավունքներ, դրանց խախտումները, որն է իսկական ահաբեկչությունը եւ որը՝ մտացածինը: Նա ընդգծել է, որ Վարշավան կհետեւի արեւմտյան ստանդարտներին:
Zet-ի տեղեկություններով՝ Անկարայի ցուցակում ներառված Թուրքիայի քաղաքացիները գտնվում են Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալության հովանավորության ներքո:





























