ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակաշրջանում Ավստրիայի հիմնական առաջնահերթություններից է գոյություն ունեցող հակամարտություններում լարվածության նվազեցումը։ Այս մասին հայտնել է Ավստրայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը «Ազերի փրես» գործակալությանը տված հարցազրույցում։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ ես անձամբ կայցելեմ այդ իրադարձություններից տուժած տարածաշրջաններ, որպեսզի հենց տեղում տեղեկություններ ստանամ իրավիճակի մասին։ Մեր նախագահությունը կաջակցի գոյություն ունեցող հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու առկա ձեւաչափերը, նաեւ համանախագահների գործունեությունը»,- հայտնել է Կուրցը։

Նրա խոսքով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներից կանոնավոր կերպով տեղեկություններ են ստացվում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ «Մենք մշտական կապ ենք պահպանում կողմերի հետ։ Այդ պատճառով էլ մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին ու ավելի լավ ենք հասկանում տարբեր դիրքորոշումներ։ ԵԱՀԿ մեր միջազգային գործընկերների հետ միասին մենք վստահ ենք, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։ Այդ ուղղությամբ աշխատանքը մեր հիմնական առաջնայնությունն է»։

Կուրցը նշել է, որ Ավստրիայի նպատակն է աջակցել Մինսկի խմբի ձեւաչափը, այլ ոչ թե նոր ձեւաչափ ստեղծել։ «Եթե մենք սահմանենք որոշակի ոլորտներ, որտեղ կկարողանանք ուժեղացնել խաղաղ գործըթնացը, ապա կանենք դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, դեսպան Անջեյ Կասպրշիկի, նաեւ հակամարտության կողմերի հետ միասին։ Մեր ընդհանուր նպատակն է ուժեղացնել երկխոսությունը ու ապահովել բանակցային սեղանի շուրջ կենսականորեն կարեւոր բոլոր հարցերի քննարկումը դիվանագիտական ճանապարհներով»,- ասել է նախարարը։