Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը տարիներ անց կհիշվի որպես «տարօրինակ ռազմական հեղաշրջման փորձ»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ նշելով, որ ռազմական հեղաշրջումներով հայտնի Թուրքիան երբեք նման վատ պլանավորած ռազմական հեղաշրջման ականատես չէր եղել։

«Թվում է՝ իշխանություններն ամբողջությամբ ընդունել են ահաբեկչության դեմ պայքարի սեփական անզորությունը եւ որպես պայքարի տարատեսակ, նախաձեռնել են «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որը նպատակ ունի ահաբեկիչների դեմ պայքարելու այն երկրի տարածքում որտեղից դրանք համակարգվում են»,-ասաց նա։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը նշեց, որ այն ինչ հետեւեց հուլիսի 15-ից հետո քաղաքացիական իշխանությունների կողմից իրականացված հաշվեհարդար էր, որը ստացավ «այլընտրանքային հեղաշրջում» կամ «վհուկների որս» որակավորումը. «Մոտ 250 մարդու կյանք խլած եւ հազարավորներին վիրավորած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդեցին տասնյակ հազարավորների ձերբակալությունները, զտումները, հետապնդումները եւ դատական գործընթացները։ Այդ ամենն արվեց արտակարգ դրության հայտարարման պայմաններում, որը գործում է մինչ օրս»,-ասաց նա։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանի խոսքով՝ այս ամենին զուգահեռ Էրդողանը երբեք չհրաժարվեց իր «idea fix»-ից՝ նախագահական համակարգին անցնելու ծրագրից։ Նրան այդ հարցում օգնության հասավ Ազգայնական շարժում կուսակցությունը, որը Էրդողանին խոստացավ աջակցել, որպեսզի երկրի կառավարման համակարգի գրեթե բոլոր կամ բոլոր լծակները տրվեն երկրի նախագահին։ Նա նշեց, որ Էրդողանը երբեք այսքան մոտ չի եղել նախագահական համակարգին անցնելու իր ծրագրին, թեեւ դրա իրականացման եւ ամբողջական կիրառման համար դեռ ժամանակ եւ գործընթացներ են անհրաժեշտ։