Հնդիկ իրավապահները նոյեմբերի սկզբներին հայտարարված ապադրամայնացման ընթացքում առգրավել են 708 մլն դոլար ընդհանուր արժողության «սեւ կանխիկ» գումար՝ հին ու նոր թղթադրամներով, նաեւ ոսկե սալիկներ ու ոսկերչական զարդեր։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։
Դեկտեմբերի 30-ին ավարտվում է այն ժամանակաշրջանը, երբ Հնդկաստանի քաղաքացիները կարող են նոյեմբերի սկզբին շրջանառությունից հանված հին թղթադրամները պաշտոնապես փոխանակել նորերով։ Այս ամբողջ ընթացքում ոստիկանությունը բացահայտում էր նրանց, ովքեր փորձում էին «սեւ փողերը» փոխանակել՝ շրջանցելով պաշտոնական ուղիները։
Նոյեմբերի 8-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել էր նոր դրամական բարեփոխման մասին։ Դադարեցվել է 500 ու 1000 ռուպի անվանական արժեքով ամենագործածական թղթադրամների շրջանառությունը։ Նոր թղթադրամները կունենան 500 ու 2000 ռուպի անվանական արժեք, հին թղթադրամների փոխանակումը նորերով խիստ սահմանափակ է, իսկ ավելի քան 250 հազար ռուպի փոխանակելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել այդ փողի ծագումը հաստատող պաշտոնական փաստաթղթեր։
Շատ մեծահարուստներ փորձում են իրենց հին թղթադրամներով ոսկի ու ոսկերչական իրեր գնել՝ շրջանցելով փոխանակման պաշտոնական ուղիները։





























