Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի քննիչները Հունաստանի դեսպանի կնոջն ու ոստիկանության աշխատակցին, որի հետ նա սիրավեպ է ունեցել, կասկածում են դիվանագետի սպանությունը կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Հինգշաբթի բրազիլական լրատվամիջոցները, վկայակոչելով Բրազիլիայում Հունաստանի դեսպանության պաշտոնյաների հայտարարությունը, հաղորդել էին, որ 59-ամյա դեսպան Կիրիակոս Ամիրիդիսը երեք օր առաջ անհետացել է. նա կնոջ հետ արձակուրդում է եղել Ռիո դե Ժանեյրոյում: Հենց նա էլ ոստիկանություն է զանգահարել:  

Globo հեռուստաընկերության տվյալներով՝ Ամիրիդիսի կինը ոստիկաններին պատմել է, որ դիվանագետը ժամանակավորապես դուրս է եկել տնից եւ անհետացել:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բրազիլիայի ոստիկանությունը հունական դեսպանի հրդեհված մեքենայում ինքնությունը չպարզված տղամարդու դի է գտել:

Իրավապահները Globo-ին հաղորդել են, որ դեսպանի կինը՝ Ֆրանսուազը եւ ոստիկան Սերջիու Մորեյրան կազմակերպել եւ, հավանաբար, իրենք էլ իրագործել են դեսպան Ամիրիդիսի սպանությունը:

Ամիրիդիսը 2001-2004 թվականներին Ռիո դե Ժանեյրոյում Հունաստանի հյուպատոսն է եղել, իսկ դեսպանի պարտականությունները ստանձնել է 2016 թվականին եւ կանոնավորապես «մի քանի օր Ռիոյում թուլացնող մթնոլորտում անցկացրել»: