2017 թվականին ամբողջ աշխարհում գործազուրկների թիվը կավելանա եւ կհասնի 201 մլն մարդու: 2018 թվականին գործազուրկների բանակը կհամալրի եւս 2,7 մլն մարդ: Աշխատանքի շուկայում այսպիսի վիճակի պատճառը մասամբ այն է, որ աշխատունակ տարիքի բնակչության թվի աճի տեմպերը գերազանցում են նոր աշխատատեղերի ստեղծման տեմպերին: Ըստ որում՝ աշխարհում սրընթաց աճում է աշխատող աղքատների թիվը: Այս մասին նշված է Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր՝ համաշխարհային մասշտաբով զբաղվածության վերաբերյալ զեկույցում: Այն ներկայացրել է կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում գործազրկությունը չի նվազում եւ մինչճգնաժամային մակարդակի համեմատությամբ չափազանց բարձր է մնում: Իսկ Արեւմտյան Եվրոպայում գործազրկությունը շարունակում է աճել: Կազմակերպության փորձագետներն զգուշացնում են, որ առաջիկա 2 տարիներին աշխատող աղքատների թիվը, որոնք իրենց աշխատանքի դիմաց օրական 3 դոլար 10 ցենտից ավելի չեն ստանում, 5 մլն մարդով կաճի:





























